
Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Գյումրի-Ազատան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից, որի հետեւանքով երեք մարդ էր մահացել։
Նրանք բոլորն էլ Ազատան գյուղի բնակիչներ են. 24-ամյա Վահե Ղաբանյանը, 41-ամյա Արմեն Չարխիֆալաքյանը և 56-ամյա Մարինա Մկրտչյանը։
Ազատան բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ բոլորն էլ Ազատանի բնակիչներ էին. «Ցավում եմ կատարվածի համար, խոսքերով չեմ կարողանում ասել, ամբողջ համայնքում բոլորի մոտ էլ խորը ցավ է։ Մահացողներից երկուսը երիտասարդ տղամարդիկ են, երրորդը կին է։ Ես կուզեի, որ այս Նոր տարին իրենց հետ դիմավորեինք, բոլորն էլ հարազատ մարդիկ են, բոլորի հետ էլ անձամբ շփվել եմ։
Նրանք երկու տարբեր մեքենայում են եղել, երկուսն էլ գյուղի մեքենաներ են, մեկը Գյումրիից գալուց է եղել դեպի Ազատան, մյուսը Ազատանից դեպի Գյումրի գնալուց է եղել։
Արմենը ամուսնացած էր, ունի երեք անչափահաս երեխա, Վահեն ամուսնացած չէր, պատրաստվում էր ամուսնանալ, իսկ Մարինեն էլ խնամում էր երեք թոռնիկներին, քանի որ նրանց մայրիկը մահացած էր և իր խնամքի տակ էին երեխաները։ Շատ հոգատար տատիկ էր իր երեխաների համար, որ մոր կորուստը ծանր չնստեր երեխաների վրա։ Սա կրկնակի ու եռակի ցավ է բոլորիս»,-ասել է նա։
Անդրադառնալով պատճառներին, վարչական ղեկավարն ասել է, որ դա քննությունը կպարզի. «Այդ ժամանակ, որ ես կանգնած եմ եղել, աղ ու ավազ կար գետնին, ճանապարհն էլ անցանելի էր»։
Նա հավելել է, որ մի մեքենայում եղել է մայրը, տղան ու տղայի մանկության ընկերը։ Մանկության ընկերը՝ Վահե Ղաբանյանը ու մայրը՝ 56-ամյա Մարինա Մկրտչյանը մահացել են։ Մյուս մեքենայում էլ եղել են 2 հոգի, որոնցից մեկը՝ Արմեն Չարխիֆալաքյանը, մահացել է։
«Արմենի հետ նույն մեքենայում եղել է նաև իր ընկերը, որին հիմա վիրահատում են։ Փառք տանք Աստծուն, որ շուտ ապաքինվի և վերադառնա համայնք։
Այս պահին գյուղում բոլորը սգում են։ Հորդորել ենք, որ ոչ մի տոնական տրամադրություն, հրավառություն չլինի։ Հարազատներին էլ մաղթում եմ ուժ ու կորով, համբերություն։ Զարդարանքները անջատել ենք։ Բացի դրանից առանձին տներ կային, որ իրենք իրենց տները դրսից լույսերով զարդարել էին, բայց այսօր տեսա, որ բոլորն անջատել են»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտաբերվել է ուղևորի դին։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից դուրս բերել երկու դի։