
Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ՖԻՖԱ-ն կարևոր որոշում է կայացրել. ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը (մինչև 20 տարեկանների) 2029 թվականին կանցկացվի Հայաստանում և Վրաստանում։ Այս մասին Կառավարության ապրիլի 30-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս առիթով ուզում եմ շնորհավորել մեզ և Վրաստանին»,- հավելել է վարչապետը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին և անձամբ վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ այս հարցում արդյունավետ ու սերտ համագործակցության համար։ Փաշինյանի խոսքով՝ սա մեծ իրադարձություն է երկրի կյանքում՝ ինչպես ֆուտբոլային, այնպես էլ մնացած բոլոր առումներով։
«Կարծում եմ՝ պետք է աշխատանքային խումբ՝ կազմկոմիտե ձևավորենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ ընդգծելով ՖԻՖԱ-ի և Վրաստանի հետ կազմակերպչական կոմիտեի միասնական կամ առանձին լինելու հարցի քննարկման կարևորությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հայտարարել է, որ ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք մոտ 100,000 երկրպագու։ Մինչև 20 խաղ կանցկացվի Երևանում, իսկ ընդհանուր առմամբ՝ 10-ը՝ Վանաձորում և Իջևանում։ Նա նշել է, որ սա շատ մեծածավալ միջոցառում է, որը տեղի կունենա 2029 թվականի սեպտեմբերին։ «Վանաձորի մարզադաշտի վերակառուցման վերաբերյալ որոշումներն արդեն կայացվել են։ Իջևանում կկառուցվի նորը, որը նույնպես կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային», - ասել է Անդրեասյանը։
Փաշինյանն ի պատասխան՝ հավելել է, որ զբոսաշրջիկների թիվը աննախադեպ կլինի։ «Էդքան մարդիկ, եթե մտնեն Իջևան, այնտեղի սնունը կարող է վերջանալ մեկ օրում», - նշել է վարչապետը։