
Գերմանական Mercedes-Benz ավտոշինական կոնցեռնի զուտ շահույթը 2026 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում նվազել է 17,2%-ով։ Ըստ ընկերության հայտարարության՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ շահույթը 1,73 միլիարդ եվրոյից կրճատվել է՝ հասնելով 1,43 միլիարդ եվրոյի։
Այդուհանդերձ, անկումն այնքան կտրուկ չէր, որքան նախկինում։ Համեմատության համար նշենք, որ 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդող թույլ տարուց հետո, շահույթը գահավիժել էր միանգամից 43%-ով։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գործառնական շահույթը նվազել է 16,8%-ով՝ շուրջ 2,3 միլիարդից հասնելով 1,9 միլիարդ եվրոյի, իսկ հասույթի անկումն աննշան է եղել (մոտ 5%)՝ կազմելով 31,6 միլիարդ եվրո։
Ընկերությունից պարզաբանել են, որ հիմնական առանցքային ցուցանիշները համապատասխանում են տարեկան կանխատեսումներին։ Ֆինանսական տնօրեն Հարալդ Վիլհելմի խոսքով՝ արդյունքները հաստատում են, որ ավտոարտադրողը շարժվում է նախանշված ուղով և կհասնի իր առջև դրված տարեկան նպատակներին։ «Մեր նոր մոդելների նկատմամբ մեծ պահանջարկն ու պատվերների զգալի ծավալը ամուր հիմք են ստեղծում տարվա երկրորդ կեսին դրական դինամիկան մեծացնելու համար», - նշել է նա։
Վաճառքի ցուցանիշների վրա զգալի ազդեցություն ունի չինական շուկան։ Մասնավորապես, Չինաստանում վաճառքների կտրուկ նվազումը հանգեցրել է այս տարվա առաջին եռամսյակում Mercedes-Benz-ի իրացման ընդհանուր ծավալների կրճատմանը։ Մարդատար ավտոմեքենաների վաճառքն ընդհանուր առմամբ նվազել է 6%-ով՝ կազմելով 419 400 միավոր։
Ավտոարտադրողն արդեն տևական ժամանակ է՝ պայքարում է ցուցանիշների անկման դեմ, ինչը վերաբերում է ոչ միայն վաճառքի ծավալներին, այլև շահույթին ու հասույթին։ 2025 թվականին ընկերության շահույթը կրճատվել էր գրեթե կիսով չափ՝ 10,4 միլիարդից հասնելով 5,3 միլիարդ եվրոյի։ Այդ արդյունքների վրա բացասաբար են անդրադարձել մաքսատուրքերը, փոխարժեքների տատանումները և Չինաստանում առկա սուր մրցակցությունը։