
«Իմ ընտանիքի բոլոր անդամները տհաճ իրավիճակում են հայտնվել, չի կարող այդպիսի բան եղած լինել, իսկ տեսանյութերում, իհարկե, ես չեմ»:
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակրոնության ուխտը խախտելու համար մեղադրվող Արշակ Խաչատրյանը:
«Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ամաչեմ»,- ասել է նա ու հավելել, որ կարող էր խնդրել դադարեցնել իր ծառայությունը, սակայն դա նպատակահարմար չի համարել՝ կարծելով, որ այդպիսով կհաստատի իրեն ուղղվող մեղադրանքները:
Իսկ շարունակելով ծառայությունը՝ Արշակ Խաչատրյանը կարծում է՝ կարող է տպավորություն թողնել, թե հաշվի չի առնում հանրային կարծիքը:
Նրա խոսքով՝ եթե տեսնի, որ ինքը խանգարում է հարցի օբյեկտիվ քննությանը, պատրաստ է ցանկացած լուծման:
«Ըստ էության, առաջարկվել է, որ ես իմ ծառայությունը դադարեցնեմ: Այլ կերպ ասած՝ խափանման միջոց է կիրառվել, որ ես չկարողանամ ազդել հանձնաժողովի օբյեկտիվ քննությանը: Ես այսպես թե այնպես հանձնաժողովի անդամների՝ եպիսկոպոսների հետ հարաբերություններ ունեմ: Նրանք 7-ն են, մեկը չէր ստորագրել, երկուսի անվան դիմաց էլ նշան էր դրված: Խափանման այդպիսի միջոցը կիրառվում է, որպեսզի մարդը չկարողանա գործել նույն հանցանքը:
Հիմա ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու, կենակցելու և նման բաների համար. հիմա եթե դուք իմ պաշտոնավարումը դադարեցնում եք, ես, զավեշտական է հնչում, բայց ավելի մեծ հնարավորություն եմ ստանում նույն մեղքը գործելու: Նպատակը ո՞րն է»,- ասել է նա: