Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին


«Ռուսաստանի ներգրավվածությունը TRIPP նախագծում չի քննարկվում»։


Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:


«Չէ՛, նման քննարկումներ չկան»,- ասել է նա՝ այդ մասին հարցին ի պատասխան:


Դիտարկմանը, թե Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել են՝ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP երթուղում ռուսական մասնակցության հարցը, Ռուբինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ նման քննարկում չկա:


«Սիրելինե՛րս, ուզո՞ւմ եք 160 անգամ ասեմ՝ նման քննարկումներ չկան, ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում»,- հայտարարել է Ռուբինյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտնել էր, թե ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ:


«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը»,- ասել էր Կալուգինն ու հավելել, որ նախագծի իրականացումն առանց ռուսական կողմի հնարավոր չի լինի:

Новые Старые