
2025 թվականի ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Գլխավոր դատախազության բացառիկ լիազորությունների շրջանակում, դատական ակտերի հիման վրա, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին սեփականության կամ տիրապետման իրավունքով վերադարձվել է 124 գույքային օբյեկտ։ Դրանց կադաստրային արժեքը, որը մոտարկված է շուկայականին, կազմում է շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ, հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ինչպես նշել է գլխավոր դատախազը, վերադարձված օբյեկտների թվում են մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, զբոսայգիներ և հողատարածքներ։
«2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը»,- հայտնել է Վարդապետյանը։ Երկրորդ վճիռն ուժի մեջ է մտել բոլորովին վերջերս՝ 2026 թվականի ապրիլի 15-ին։