
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Իրանի իշխանությունների՝ միասնական դիրքորոշում ձևավորելու դժվարություններին, նրանք պետք է շուտափույթ համաձայնագիր կնքեն Վաշինգտոնի հետ։
«Իրանցիները ոչ մի կերպ չեն կարողանում կենտրոնանալ։ Նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել միջուկային ծրագրից հրաժարվելու մասին համաձայնագիրը։ Ավելի լավ կլինի, որ նրանք հանարավորինս շուտ ողջամտություն ցուցաբերեն»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Բացի այդ, նա տեքստին կից հրապարակել է մի պատկեր, որտեղ նախագահը կոստյումով, փողկապով ու սև ակնոցներով է՝ ձեռքին ինքնաձիգ։ Նկարի ետնամասում երևում է ամրություններով ու պայթյուններով ողողված լեռնային բնապատկեր։ Պատկերն ուղեկցվում է հետևյալ մակագրությամբ. «Նա այլևս «Միստր Բարի տղան» չէ»։
Նախօրեին The New York Times թերթը, հղում անելով երկուշաբթի օրը Սպիտակ տան իրավիճակային կենտրոնում տեղի ունեցած քննարկումներին ծանոթ մի քանի աղբյուրների, հայտնել է, որ Թրամփը չի ընդունի Իրանի առաջարկը։ Այդ առաջարկը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում, սակայն Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնում է հետագա բանակցությունների համար։
Ավելի ուշ The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Թրամփն Իրանի ծովային շրջափակման պահպանումը համարում է ավելի քիչ վտանգավոր, քան մյուս տարբերակները, որոնք ներառում են ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը։ Այդպիսով, նախագահը պատրաստվում է իրանական նավահանգիստների տևական շրջափակմանը։